Ներգաղթողների համար արտոնյալ պայմաններ են պետք

ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արա Նռանյանն իր հայտարարության մեջ անդրադառնալով ներգաղթի խնդրին, ասաց, որ Մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածը որոշակի խնդիրներ է ստեղծում Հայաստան մշտական բնակության եկող քաղաքացիների համար: Քանի որ օրենքը սահմանում է, որ քաղաքացին պետք է ունենա հաստատող փաստաթուղթ այն մասին, որ ինքը պատրաստվում է մշտական բնակություն հաստատել Հայաստանում, որպեսզի խուսափի մաքսատուրք վճարելուց: Իսկ այդ փաստաթուղթը ձեռք բերելը երկարատև և դժվար գործընթաց է. օտարերկրացիներն այդ փաստաթուղթը պետք է ստանան օտարերկրյա պետությունից, իսկ Հայաստանից մեկնած քաղաքացիները` հյուպատոսարաններից: Արա Նռանյանն առաջարկեց Հայաստան մշտական բնակության համար եկող հայերից իրենց իրերը բերելու համար սահմանել պարզեցված ընթացակարգ: «Խնդրում եմ կառավարությանը վերանայել 105-րդ հոդվածով սահմանված կարգը և Հայաստան մշտական բնակության ժամանող քաղաքացիների համար, լինեն Հայաստանը ժամանակին լքած քաղաքացիներ թե սփյուռքահայեր, սահմանել պարզեցված ընթացակարգ»,-ասաց Արա Նռանյանը: Արա Նռանյանն իր ելույթում անդրադարձավ նաև Հայաստանում առկա օտար պետհամարանիշներով մեքենաներին: «Ես անընդունելի եմ համարում, որ մենք ունենանք այնպիսի իրավիճակ, երբ մեր քաղաքացիները իրենց գույքը գերադասում են գրանցել այլ երկրում: Մենք պետք է հասկանանք, որ սա մեր պետական ատրիբուտներից մեկն է և մեր գույքը պետք է գրանցենք մեր հանրապետությունում»,- ասաց նա: Նռանյանի համոզմամբ` Հայաստանը ավտոմեքենաների ներմուծման առումով վերածվել է աղբանոցի, որովհետև մեքենաներ ներմուծվում են, իսկ արտահանելու տեղ չկա: Նա առաջարկեց արգելել հին մեքենաների մուտքը Հայաստան` փոխարենը ավելի թարմ մեքենաների ներմուծման համար սահմանելով արտոնյալ ռեժիմ, որպեսզի քաղաքացիները գերադասեն աղբի փոխարեն ավելի արժեքավոր ապրանք բերել:

2010-10-27

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Լիահույս եմ, որ մեր կառավարությունը բյուջեի վերաբերյալ 8 առաջարկներից...
ՀՀ-ԵՄ համաձայնագրի չիրացնելը նշանակում է կյանքի չկոչել Սահմանադրությունը....
ՍԾՏՀ ԽՎ-ում ռեալ դերակատարություն ունեն Թուրքիան, Ադրբեջանը....
Իրականում, սովորել ցանկացողի համար շատ ավելի լայն հնարավորություններ...
Այլ...