Կառավարության խղճուկ զինանոցը

Շատերն են հիշում 2008թ-ը, երբ խորհրդարանական դահլիճում մեզ շնորհալիական բարեպաշտություն, հույս ու հավատ էր ներշնչվում, խոստացվում, որ մի շարք ցուցանիշներով տարածաշրջանային կենտրոն ենք դառնալու։ Հավանաբար հավատացինք կամ փորձեցինք հավատալ` այդ թվում ես, որովհետև պարզապես ինքդ քեզանից ես հոգնում, քո չհավատալուց և ուզում պարզ մարդկային խաղաղությամբ ու արժանապատվությամբ ապրել։ Բայց իրականությունը համառորեն մեզ հետ այլ պատկերով է խոսում, և ինչպես հանրապետության բացարձակ մեծամասնությունը` հայտնվել ենք մի կողմից` Հայլուրային ծիրանագույն բուրաստանի, մյուս կողմից` օրեցօր աղքատությունից ու ամենօրյա նվաստացումից ու կեղծիքից կքված Հայաստան Աշխարհում։ Նունիսկ հորդորված լռությունը չի փրկում մեզ, և ինչպես ՀՀ վիճծառայության` «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունըե զեկույցն է փաստում, ՀՀ բնակչության 35.8%-ը աղքատ է, ամեն հինգերորդը` 21.3%-ը` շատ աղքատ, իսկ 3.0%-ը` ծայրահեղ աղքատ: 2010թ.-ին աղքատների թվաքանակը հասել է մոտ 1.2 մլն-ի։ Իսկ հայրենի կառավարության ամենակենսունակ զինանոցում ներշնչանքի ինստիտուտն է: Բյուջե 2011-ը որակվեց սոցիալական, տնտեսությունը կայունացման տանող բյուջե, այնինչ իրականությունը կամ արդյունքը դարձյալ այլ է` նախորդ տարվա համեմատ ձվի գինն աճել է 44.1 %-ով, շաքարավազինը` 28.7 %, կաթնամթերքինը` 21.6 %, կենդանական ու բուսական յուղինը` 21.0 %, մսամթերքինը` 12.9 %, հացամթերքինը` 9.8 %( և սրանք սոսկ պաշտոնական տվյալներն են): Իսկ իշխանությունները բուդդայի խաղաղությամբ շարունակում են վիրտուալ հայկական աշխարհ կառուցել, այնինչ մեզ համար միջազգային զանգերն են գուժում՝ Transparency International-ն հաղորդում է, որ բարգավաճել ենք, հատկապես կոռուպցիոն վարկանիշով, նախկին 123-րդ հորիզոնականից հասնելով 129-րդի։ Մուդիսը տագնապացնող և ռիսկային է համարում արտաքին պարտքի մարումը: Ըստ ՄԱԿ-ի ժողովրդագրական ուսումնասիրության, Հայաստանի բնակչությունը մինչեւ 2025 թվականը կնվազի 25 %-ով, այն դեպքում, երբ հարևան երկու երկրներում սպասվում է 31 % և 43 % աճ: Միայն 2011թ. երկրից մոտ 100 000 մարդ է հեռացել: Արտագաղթը քամում է երկիրը: Եվ որքան էլ հայտարարենք, թե է 2012-ի բյուջեն մարդակենտրոն է, միևնուն է հայը հեռանում է հայրենիքից, որովհետև անտեսված է, նրա իրավունքները բռնաբարված են, ու նա օտարված է պետությունից: Քաղաքական այս միջավայրում կորչում է մարդը… կորչում է, որովհետև մեր ազգային օրակարգում հրատապ են շտաբները, որ կուցակցությունը ում կմիանա և ինչպես կկիսի իշխանությունը: Եվ ինչպես միշտ պատճառները վերացնելու փոխարեն հետևանքներից ենք խոսում ու այս անգամ էլ հորդորում սպասել 2020 թվականին: Եզրակացությունս մեկն է` ներկա իշխանություններն իրենց բարոյական, քաղաքական և հոգևոր ամբողջական ռեսուրսով վտանգում են պետության բանաձևը և քաղաքական կամք չունեն առաջնորդելու ազգն ու պահպանել Հայաստանի տնտեսական, ժողովրդագրական և ռազմական անվտանգությունը:

2011-12-06

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Ինչու հենց այս փուլում աշխատանքից ազատվեց Արագածոտնի մարզպետը.
Ճիշտ կլինի՝ արտաբյուջետային գումարները ծախսվեն Սևանա լճի խնդիրների...
Կատաստրոֆա չէ. Աղվան Վարդանյան
Մինչև երբ պետք է շարունակվի նման հարցադրումներով հանդես գալու...
Այլ...