ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարարությունը

Գուրգեն Մարգարյանին սպանած հանցագործին Եվրամիության, ՆԱՏՕ-ի անդամ Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջանին հանձնելու և նրան անհապաղ ներում շնորհելու` միջազգային իրավունքի առումով աննախադեպ իրողության առիթով անհրաժեշտ ենք համարում արձանագրել հետևյալը. ա. Պատմական փորձով մենք վաղուց համոզվել ենք, որ պետություններն առաջնորդվում են բացառապես իրենց քաղաքական-տնտեսական շահերով: Եթե իրենց ձեռնտու է, թքած ունեն միջազգային իրավունք, հումանիզմ, բարոյականություն հասկացությունների վրա: Մեր խնդիրները պարտավոր ենք մենք լուծել, մեզ վրա բարձրացված ձեռքը պարտավոր ենք մենք կտրել: Ուրիշներին մեղադրելը, ուրիշներից արդարություն հայցելը, հայտարարված միջազգային իրավունքի գործադրում պահանջելը թերևս անհրաժեշտ, բայց մեծ հաշվով անհեռանկար զբաղմունք է: Անկախության վերականգնումից հետո, ցավոք, մենք չենք կարողացել այս օրինաչափությունն ու մտածողությունը պետական հիմքերի վրա դնել: բ. Որ Ադրբեջանի ազգային հերոսը քնած ժամանակ մարդուն կացնահարած ողորմելին է, իրենց խնդիրն ու դժբախտությունն է: գ. Որ վերջին տարիներին Ադրբեջանը, Թուրքիայի անմիջական աջակցությամբ ու մասնակցությամբ, մեծացնում է ազդեցությունը միջազգային ասպարեզում, իր շահերից ելնելով` ինքնուրույն քայլեր է կատարում, իսկ Հայաստանը կորցնում է հաշվառելի գործոն դառնալու կարողականությունը, նույնպես իրականություն է: դ. Հայաստանի Հանրապետության նախագահի` օգոստոսի 31-ին կատարած գործողությունները որքան վճռական եւ սկզբունքային էին, թերևս` նույնքան էլ ուշացած: Ակնհայտ է, որ մեր դիվանագիտական կորպուսը, տեղյակ լինելով հնարավոր զարգացումներից, անկարող է եղել կանխել դրանք: Մեկնելով այս հաստատումներից` ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարում է. 1. Այդուամենայնիվ, անհրաժեշտ է պետականորեն ծրագրված հստակ քայլեր ձեռնարկել` այս պարտության հետևանքները մեղմելու և միջազգային ասպարեզում կորցրածը ետ բերելու նպատակով: 2. Պահանջում ենք վերատեսության ենթարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով Ղարաբաղյան հարցի վերաբերյալ Ադրբեջանի հետ բանակցությունները շարունակելու նպատակահարմարությունը և Հայաստանի Հանրապետության ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև ռազմաքաղաքական դաշինք կնքելու գործնական քայլ ձեռնարկել: 3. Պահանջում ենք անդրադառնալ միջազգային հանրության պահանջով հայ-թուրքական արձանագրությունները օրակարգի վրա պահելու քաղաքականությանը և ետ կանչել Հայաստանի ստորագրությունը: 4. Մեր գնահատմամբ` ստեղծված կացությունից ելքը հասարակության լայն շրջանակների, քաղաքական ուժերի, սփյուռքի հետ համագործակցաբար` Հայաստանում և հայության մեջ ազգային ու բարոյահոգեբանական առողջ մթնոլորտ ձևավորելու նախադրյալների ստեղծումն է, ինչը հնարավորություն կտա տարածաշրջանում և աշխարհում մեծացնել մեր պետականության կշիռն ու ազդեցությունը: ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին 01.09.2012

2012-09-03

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի ելույթը 2017թ....
ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի...
Ավելի հավակնոտ, թիրախավորված ծրագիր է. Աղվան Վարդանյանը՝ կառավարության...
...
Այլ...