Մեր խնդիրները մենք ենք լուծելու. Աղվան Վարդանյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի կարծիքով` այսօր երկու կարեւոր հարց ունենք օրակարգում` մեկը` Հունգարիայի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու աննախադեպ իրադարձությունը, որը ստվերել եւ մի կողմ է դրել օրակարգային մյուս հարցերը, եւ երկրորդ կարեւոր թեման` ՏԻՄ ընտրությունները: Այս երկու թեմաների մասին էլ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց դաշնակցական պատգամավորը: Նա հիշեցրեց, որ երկու հարցի վերաբերյալ էլ ՀՅԴ-ն հանդես է եկել հայտարարությամբ: «Ամենակարեւոր` առանցքային հարցն այն է, որ մենք վաղուց մեր պատմական փորձով, անցյալով համոզվել ենք, որ պետություններն առաջնորդվում են բացառապես իրենց տնտեսական, քաղաքական շահերով. եթե իրենց ձեռնտու է` թքած ունեն հումանիզմի, բարոյականության, հայտարարվող արժեքների վրա, եւ մենք վաղուց պետք է հետեւություն արած լինեինք ու հասկանայինք, որ մեր խնդրները մենք ենք լուծում, եւ այս մտածողությունը վաղուց պետք է պետական հիմքերի վրա դնեինք»,- հայտարարեց Աղվան Վարդանյանը: Նա ընդգծեց, որ երբ իսրայելցի մի զինվոր են սպանում կամ առեւանգում, ինչ ուզում է անի աշխարհը, վերջիններս այդ հարցը վերածում են պետական հստակ քաղաքականության` իր արդյունքներով, երբ կարող են անգամ միլիոնավոր դոլարներ ծախսել եւ պատժել իրենց զինվորին նեղացնողին: «Որքան էլ ձեւեր թափենք, հայտարարված սկզբունքները մեջտեղ բերենք, միեւնույն է, մենք եւս պետք է կարողանանք իբրեւ ժողովուրդ, իբրեւ պետություն առաջորդվել` բացառապես մեր շահերով, իսկ որպեսզի կարողանանք դա անել պետք է լինենք ուժեղ, կայացած, կազմակերպված եւ ներքին խնդիրները լուծած պետություն»,- նշեց Վարդանյանը եւ հավելեց, որ Ադրբեջանի նման վարքագիծը հարցականի տակ է դնում այդ պետության հետ բանակցությունների շարունակության նպատակահարմարությունը: ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղարը ընդգծեց նաեւ, որ գաղտնիք չէ, որ այս խայտառակ գործարքը կայացել է նաեւ Թուրքիայի ակտիվ մասնակցությամբ: Նա կարեւոր է համարու նաեւ հայ-թուրքական` ծամոնի պես ձգվող հարաբերություններին եւ արձանագրություններին անդրադառնալը: Նախագահ Սերժ Սարգսյանի ձեռնարկած գործողությունները Աղվան Վարդանյանը գնահատում է որպես վճռական, սկզբունքային, մեր պետության եւ մեր ժողովրդի արժանապատվության դիրքերից, բայց նաեւ ակնհայտորեն ուշացած: Իսկ այն, որ մեր արտաքին գերատեսչությունը փորձում է արդարանալ` ասելով, թե փորձել են ամեն կերպ կապվել, հարցնել, ըստ Աղվան Վարդանյանի, ցույց է տալիս այն, որ ուրեմն լավ չեն փորձել, ուրեմն այնքան ուժեղ չեն եղել, որ կարողանան պարտադրել իրենց լսել: Դաշնակցական գործիչը համոզված է, որ այդ մտահոգություններով հարկավոր էր հանդես գալ ոչ թե փակ դռների ետեւում, այլ գործել հրապարակային, ինչն էլ գուցե օգներ մեզ մասամբ: Այն, որ ՀՀ նախագահի հրավիրած խորհրդակցությանը ներկա էին 30-35 դեսպաններ, բայց խնդրի վերաբերյալ պաշտոնական արձագանք եղավ ընդամենը երկու-երեք պետությունից, ըստ Վարդանյանի, եւս մտահոգիչ է: «Արձագանքները հիմնական բնույթի են, որ հանկարծ այս իրադարձությունների պատճառով չտուժի բանակցային գործընթացը, տարածաշրջանում սրումներ չլինեն: Այն արձագանքը, որ ակնկալում էր ՀՀ նախագահը, ես չեմ տեսել: Այն, որ երկու-երեք պետություններ են արձագանքում, խոսում է մեր պետության ազդեցության, հեղինակության կշռի մասին: Մինչեւ մենք չդառնանաք տարածաշրջանում ազդեցիկ, կշիռ ունեցող գործոն, մեզ որեւէ մեկը մեր անցյալի, մարդկային գաղափարների համար չի գնահատելու»,- նշեց նա: Վարդանյանը կարեւորեց վաղվա ԱԺ արտահերթ նիստը, այն` որ մեր ԱԺ-ն` անկախ իր տեսակից, բովանդակությունից, կազմից, կարողանա անել պետության բարձրագույն ներկայացուցչական մարմնին վայել ճշգրիտ, մտածված հայտարարություն: Նա տեղեկացրեց, որ հիմա խմբակցություններն աշխատում են նախագծի վրա, եւ հնարավոր է, որ մինչեւ օրվա վերջը վերջնական տեքստը համաձայնեցվի:

2012-09-04

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Ազգ-բանակը ոչ թե ագրեսիվ ռազմականացման խնդիր է լուծում, այլ պաշտպանության...
Շնորհավոր Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնը:
Ռուստամյանը՝ Երևանի ավագանու ընտրություններին չմասնակցելու...
ՀՅԴ-ն և ՀՀԿ-ն կոալիցիոն բանակցությունների մեջ են. Արմեն Ռուստամյանը...
Այլ...