Հայաստանում ժողովրդավարությունը խաթարված է վերից վար

«Ցավոք, ԱԺ անհաջող ընտրություններից հետո կազմակերպված այս ընտրությունները ևս իրենց հերթին փաստում են, որ Հայաստանում ժողովրդավարությունը խաթարված է վերից վար բոլոր հիմնական մակարդակներում` ներկայացուցչական, մասնակցային և անմիջական»,– ԱԺ հայտարարությունների ժամին՝ անդրադառնալով սեպտեմբերի 9-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների առաջին փուլին ասել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Քաղաքակիրթ աշխարհում ՏԻՄ ընտրությունները, կոչված լինելով ապահովել հենց անմիջական ժողովրդավարությունը, իսկապես համարվում են ժողրդավարության խարիսխը: Բայց սա միայն քաղաքակիրթ աշխարհում: Մեզ մոտ կատարված իրադարձությունը չափազանց դժվար է ընտրություն կոչել: Որովհետև ընտրությունը նախ և առաջ ենթադրում է, որ քաղաքացին, կարողանալով անկաշկանդ կերպով իրականացնել իր ընտրական իրավունքը, առաջնորդվելով բացառապես իր խղճով և մտքով ձևավորում է իշխանության պետական և տեղական մարմինները, որոշում է թե՜ իր անմիջական ղեկավարին, թե՜ երկրի ղեկավարին: Հայաստանում տեղի է ունենում ճիշտ հակառակը` վարչաֆինանսական ռեսուրսի կիրառման շնորհիվ քաղաքացին ընտրությունների ժամանակ զրկվում է ընտրող դառնալու հնարավորությունից և իշխանությունը հեշտությամբ կարողանում է ինքն իրեն պարտադրել քաղաքացուն: Ահաբեկումների, ճնշումների և ընտրակաշառքի հայտնի իշխանական մեթոդների կիրառմանը լիուլի ականատես եղանք և այս ընտրություններին: Բավական է բերել միայն Թալինի, Ախթալայի, Սիսիանի, Կապանի և Գյումրիի օրինակները դրանում համոզվելու համար: Կապանում այս մեթոդների կիրառումը փաստող գործող քաղաքապետի ընտրապայքարից հրաժարումը իշխանական շրջանակները փորձեցին ներկայացնել իբրև նրա անխուսափելի պարտության ապացույց: Այնինչ իշխանական թեկնածուին, միայնակ մնալուց հետո էլ անգամ, պաշտոնական տվյալներով ավելի քան վեց հազար կապանցի հատուկ գնացել և դեմ է քվեարկել: Իսկ անցած կիրակի ՏԻՄ ընտրություններին մասնակցածների ցածր տոկոսը, հատկապես քաղաքաներում, ցույց է տալիս մեր ժողովդի հիասթափվածությունը ընդհանրապես ընտրություններից: Այս ընթացքով ընտրությունից ընտրություն ժողովուրդը վերջնականապես կորցնելու է հավատը, որ կարող է ազատ ընտրություններով իր իշխանությունը իրականացնել երկրում: Իսկ սա հենց այն է, ինչ պետք է իշխանություններին սեփական վերարտադրումը անխափան դարձնելու համար: Մինչդեռ, Տեղական ինքնակառավարման մարմիրնների դերը անփոխարինելի է իշխանությունը ապակենտրոնացնելու և անմիջականորեն ժողովրդին մոտեցնելու գործում: Սակայն դա տեղի ունենալ չի կարող, քանի դեռ Հայաստանում գործում է այս միահեծան նախագահական համակարգը, ինչի արդյունքում նույնացած են իշխանական կուսակցությունն ու պետությունը: Մենք շարունակելու ենք մեր պայքարը այս չարիքը ծնող և պահպանող համակարգից ազատվելու և ազատ ու մրցակցային իրական ընտրություններ ապահովելու համար: Իսկ իշխանությունները պարտավոր են սեպտեմբերի 23-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների հաջորդ փուլին ընդառաջ գործուն միջոցներ ձեռնակել արդեն իսկ արձանագրված անօրինականությունները բացառելու և նորմալ ընտրություններ կազմակերպելու համար»:

2012-09-11

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Նման հավակնություններ չունենք
Արդեն եկող տարի մենք բոլորովին այլ դատական համակարգ կունենանք
3-4 խոշորացված համայնքներում համայնքապետի թեկնածու ունենք. Աղվան...
Եթե լիարժեք բանակցություններ են ուզում, պետք է խոսեն Արցախի հետ....
Այլ...