Աղվան Վարդանյան. Մենք մեր գործընկերոջը չենք հանձնելու

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի ելույթը ԱԺ-ում ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելու` գլխավոր դատախազի միջնորդության քննարկման ժամանակ: Հարգելի խորհրդարան Ես գործի իրավական մանրամասների մեջ չեմ մտնի: Դահլիճում իրավաբաններ կան` նրանք այդ կանեն: Ցավում եմ, որ պարոն Դավիթ Հարությունյանն է բացակա: Բայց ընդհանուր բնույթի երկու խոսք: Ազգային անվտանգությունն այս գործը սկսեց փողերի լվացման մեղադրանքով: Փողերը Հայաստանի բարեկամ պարոն Հանցմանինն են: Եթե փողերի լվացում էր, ուրեմն Հանցմանը պետք է լիներ լվացողը: Հիմա այդ մեղադրանքը չկա: Կա փողերի յուրացում և օրինականացում: Ու՞մ փողն է յուրացրել պարոն Օսկանյանը: Հանցմանն ասում է` իմ փողերը չի յուրացրել, ես ծայրեծայր գործընթացից տեղյակ եմ, ամեն բան արվել է իմ համաձայնությամբ և հանձնարարությամբ: Գլխավոր դատախազի միջնորդությունն ասում է` յուրացրել է «Սիվիլիթաս» հիմնադրամի փողերը: Հիմնադրամի հոգաբարձունների խորհուրդը, գործադիր տնօրենը ասում են` մեր փողերը ոչ ոք չի յուրացրել: «Սիվիլիթասի» ամբողջ անձնակազմը այս պահին, կարծեմ, բողոքի ցույցի է Ազգային Ժողովի դարպասների դիմաց: Յուրացում չկա. այստեղ պարոն Օսկանյանի բացատրությունից հետո աչքի պես պարզ է սա: Յուրացում չկա, բնականաբար չկա նաև օրինականացում: Բայց Գլխավոր դատախազը Ազգային ժողովում է: Ինչո՞ւ: Այս հարցի պատասխանը ստիպում է անդրադառնալ պարոն Օսկանյանի անձին ու գործունեությանը: Մարդը սփյուռքահայ է, վերադարձել է Հայրենիք և, իբրև պրոֆեսիոնալ, տասը տարի ղեկավարել է Հայաստանի արտգործնախարարությունը: Պաշտոնանկությունից հետո, ինչպես շատ պետական գործիչներ են անում քաղաքակիրթ աշխարհում, իր հեղինակությունն ու կապերը օգտագործելով, ստեղծել է Հիմնադրամ, որ մեր երկրի ու տարածաշրջանի վերաբերյալ քաղաքական, տնտեսական, հասարակագիտական, մշակութաբանական հետազոտություններ է իրականացնում: Նաև ստեղծել է իշխանության ազդեցությունից դուրս օրաթերթ և ինտերնետային հեռուստատեսություն: Նպատակը երկրի ու հասարկության առաջ ծառացած հարցերը արծարծելն է, լուծումներ առաջարկելը: Կարծես` վատ բան չի արել: Եթե միայն նկատի չունենաք, որ ԶԼՄ-ների բացահայտ ու գաղտնի մոնոպոլացման մեր ժամանակում ցանկացած ինքնուրույնության և անկախության փորձ ոմանք անթույլատրելի են համարում: Էլ ի՞նչ է արել պարոն Օսկանյանը: Մտել է քաղաքականություն և նախընտրական շրջանում արմատական դիրքերից քննադատել է քաղաքական մենաշնորհի բացարձակացումը, կառավարության սոցիալ-տնտեսական ձախողված քաղաքականությունը: Բնականաբար, այս համատեքստում, Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու փորձը անհնար է չորակել իբրև քաղաքական հետապնդում: Միջնորդության` «հանրորեն վտանգավոր արարք», «հանցավոր ճանապարհով ձեռք բերված» արտահայտություններին չեմ էլ անդրադառնում: «Բարգավաճ Հայաստանն» իր գնահատականը տվել է` սա համարելով նաև կուսակցության դեմ ուղղված քայլ: Բայց ինձ այլ բան է հետաքրքրում. ի՞նչ է անելու խորհրդարանը, ինչպե՞ս է այս գործը ազդելու մեր պետականության ընթացքի վրա, ի՞նչ ազդակներ է փոխանցվելու Հայաստանի քաղաքացիներին: Խորհրդարանում կա քաղաքական մեծամասնություն` Հանրապետական` պլուս-մինուս կամ բազմապատկած Օրինաց երկիր: Բնականաբար, որոշումն էլ, պատասխանատվությունն էլ նրանցն է: Բնականաբար այսօրվա շատ ելույթների մեջ կարմիր թել է լինելու` մենք վատ բան չենք անում, ընդամենը հնարավորություն ենք տալիս արդարադատություն իրականացնել, եթե պարզվի հիմքեր չկան, ավելի լավ և այլն, և այլն: Ձեզ մի խաբեք: Ես պատրանքներ չունեմ, բայց երկու բառ կուզեի ասել: Արդյո՞ք, հանձնելով Օսկանյանին, մենք դժվար կայացող մեր պետականության հիմքերի մեջ նոր ական չենք դնում: Անկախ տարբեր ուժերի քաղաքական դիրքորոշումից` մարդը տասը տարի բարեխղճորեն կատարել է բարձրաստիճան պետական գործչի իր պարտականությունները և հարգանք ու հեղինակություն է վայելում միջազգային ասպարեզում: Իրավականորեն այսքան անհիմն մեղադրանքների պարագայում ի՞նչ արձագանք ու հակազդեցություն ենք ունենալու` նախորդը դեռ ամբողջովին չմարսած: Սրանով մենք քաղաքական հաշվեհարդարները պարբերաբար կրկնելու նախադեպեր չե՞նք ստեղծում: Աշխարհում տարօրինակ մի ավանդույթ կա` իշխանությունները, մեծամասնությունները երբեմն նաև փոխվում են: Սա նաև յուրաքանչյուր պատգամավորի անձնական պատասխանատվության, քաղաքացիական դիրքորոշման և խղճի հարց է: Կյանքը շարունակվելու է և տարիներ շարունակ ամեն մեկս առանձին մեր մեջ մտածելու ենք` ճի՞շտ ենք պահել մեզ Օսկանյանին հանձնելի, մեր պետության ամոթը չէ՞, որ պարկեշտ, վաստակ ունեցող մարդուն այս վիճակի մեջ ենք դրել: Ինչպես մի առիթով ասել է Հանրապետության նախագահը` կուսակցությունը ոհմակ չէ: Եվ վերջին հարցը: Առջևում նախագահական ընտրություններն են: Այս քայլով մենք նվազեցնելու՞, թե՞ ավելացնելու ենք քաղաքական ու հասարակական լարվածությունը, հանդուրժողականությա՞ն, թե՞ անհանդուրժողականության մթնոլորտ ենք ստեղծելու, մեր քաղքացիների մոտ մեծացնելու՞, թե՞ վերացնելու ենք վստահության վերջին փշրանքները իշխանության և Հայաստանի ապագայի հանդեպ: Դաշնակցության խմբակցության համար այս հարցերի պատասխանը հստակ է: Մենք մեր գործընկերոջը չենք հանձնելու:

2012-10-01

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Լիահույս եմ, որ մեր կառավարությունը բյուջեի վերաբերյալ 8 առաջարկներից...
ՀՀ-ԵՄ համաձայնագրի չիրացնելը նշանակում է կյանքի չկոչել Սահմանադրությունը....
ՍԾՏՀ ԽՎ-ում ռեալ դերակատարություն ունեն Թուրքիան, Ադրբեջանը....
Իրականում, սովորել ցանկացողի համար շատ ավելի լայն հնարավորություններ...
Այլ...