ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի Հայտարարությունը

Ընտրությունները, ինչպես և սպասվում էր, վատն էին, պաշտոնական արդյունքները՝ կանխորոշված: Կանխորոշվածության հիմնական պատճառը մնաց նույնը՝ պետության ողջ ռեսուրսի յուրացումը իշխող քաղաքական ուժի կողմից: Դրա ակնհայտ դրսևորումներն էին ոչ միայն ընտրատեղամասերում կատարված կեղծիքները, այլև իշխանության վերարտադրման գործում թերացած պաշտոնյանների հրաժարականների շքերթը: Աբսուրդ է, թե ինչու՞ ընտրված համայնքապետը պիտի համապետական ընտրության արդյունքներով հրաժարական տա: Ի±նչն է նա ձախողել. եթե դժգոհությունն է պատճառը, ապա պետք է դրան հետևեն բոլոր այն համյանքապետերը, որոնց համյանքերում ժողովրդի վիճակը պակաս ծանր չէ: Կամ ի±նչ է ընտրություններից հետո պարզվեց, որ լավ չի վիճակը: Իսկ եթե ձախողե՞լ է ընտրությունը, դրա համար է հրաժարական տալիս, ուրեմն էլ ի±նչ ապացույց է պետք փաստելու, որ ողջ պետական համակարգը ընտրությունների ժամանակ աշխատում է իշխանության թեկնածուի օգտին, որ Հայաստանում պետությունն ու իշխող կուսակցությունը նույնացած են: Սակայն այս ընտրություններն ունեն մի կարևոր առանձնահատկություն: Հիմնական քաղաքական ուժերի չմասնակցության ֆոնի վրա առաջին հերթին հենց իշխանությունների համար անակնկալ և աննկատ կերպով ընդդիմադիր ընտրազանգվածը ինքնակազմակերպվեց և կենտրոնացավ մեկ թեկնածուի շուրջ: Այսպիսով, ինքնաբերաբար ձևավորվեց միասնական թեկնածու, որից այդքան խուսափում էին իշխանությունները և նախագահի ընտրության առաջին փուլը, ըստ էության, ընթացավ երկրորդ փուլի տրամաբանությամբ: Սա պերճախոս վկայությունն է այն հանգամանքի, որ երկրում առկա քաղաքական, սոցիալ-տնտեսական և բարոյական մթնոլորտը այն աստիճան խեղդող է, իշխանության վերևից ներքև պահվածքը այն աստիճան անտանելի և վիրավորական, որ հանգեցրեց ժողովրդի ինքնաբուխ ընդվզմանը: Թե ինչ է ցույց տալիս ժողովրդի այս ցասումը, շատ հստակ է՝ մարդիկ այլևս այսպես ապրել չեն կարող և ուզում են ունենալ իրենց արժանի իշխանություն: Փետրվարի 18-ին մեր ժողովրդի դրսևորած կամքը չպետք է ոտնահարվի: Ընտրությունների օրը ժողովրդի ինքնաբուխ ընդվզումը հետընտրական շարժման վերածվելու այս գործընթացի շարժառիթը դա է, որի վերջնական նպատակը պետք է լինի ժողովրդի լիակատար իշխանության հաստատումը երկրում բոլոր մակարդակներով: Սա տևական և անկոտրում պայքարի ճանապարհ է: Դաշնակցությունը պատրաստ է իր ողջ ներուժով լծվել այս գործին և կողմնակից է բոլոր շահագրգիռ ուժերի հետ համատեղ լուծումներ գտնել ի շահ մեր երկրի և ժողովրդի: 26.02.2013թ.

2013-02-26

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Ինչու հենց այս փուլում աշխատանքից ազատվեց Արագածոտնի մարզպետը.
Ճիշտ կլինի՝ արտաբյուջետային գումարները ծախսվեն Սևանա լճի խնդիրների...
Կատաստրոֆա չէ. Աղվան Վարդանյան
Մինչև երբ պետք է շարունակվի նման հարցադրումներով հանդես գալու...
Այլ...