ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Երեւանի քաղաքապետի ՀՅԴ թեկնածու Արմեն Ռուստամյանի հայտարարությունը Ազգային ժողովում

Իշխանություններն ամեն ինչ անում են` համոզելու ժողովրդին, որ Երևանի ավագանու ընտրությունները քաղաքական չեն, այլ սովորական` համայնքային մակարդակի հերթական միջոցառում, որը կոչված է լուծելու զուտ թաղային, կենցաղ-սպասարկման հարցեր: Նպատակը պարզ է՝ որքան հնարավոր է ընտրության հարցը տեղափոխել անձնական, բարեկամա-խնամիական հարաբերությունների դաշտ, որ այս ընտրությունների հետ չկապվի ձեր դժգոհությունն ու բողոքը և տպավորություն ստեղծվի, թե այս ընտրությունները շատ-շատ կարող են լուծել ձեր աղբահանության, ասֆալտապատման կամ վերելակների ու շենքների հարցերը: Արդյունքում` զրոյացվի հետաքրքրությունն այս ընտրությունների նկատմամբ, և ժողովուրդը մղվի պասիվության: Որպեսզի չվտանգվի իրենց իշխանությունը, և պահպանվի իշխող կուսակցության միահեծան կառավարումը: Որ այդպիսին չէ իրականությունը, ակամայից փաստում են հենց իրենք՝ իշխանությունները, գործի դնելով ընտրակեղծիքների ողջ զինանոցը: Կրկին ականատեսն ենք այն բանի, որ պետական համակարգը ընտրությունների ընթացքում սահուն կերպով վերածվում է իշխանություններին սպասարկող ընտրական համակարգի, երբ պետական ենթակայության բոլոր հիմնարկ-ձեռնարկությունները ստիպողաբար պարտավորվում են աշխատել իշխող կուսակցության օգտին: Եվ այս խնդիրը դրված է ոչ միայն Երևանի, այլև մարզերի առջև: Բազմաթիվ են ահազանգերը ոչ միայն ընտրակաշառքների լայն կիրառման և բազմակի քվեարկությունների նախապատրաստման մասին, այլև ոչ երևանցիներին Երևանում հաշվառելու վերաբերյալ: Եթե, ձեր ասելով, միայն տեղական նշանակության են այս ընտրությունները, ինչո՞ւ եք այսպես իրար խառնվել ու կրկին կառչում եք ձեր փրկօղակից՝ ձեր հարազատ ընտրակեղծիքների մեքենայից: Ուրեմն իրականությունը բոլորվին այլ է: Հօգուտ Դաշնակցությանը տված իր քվեով երևանցին կարող է չսպասել ևս 5 տարի, այլ փոխելով քաղաքապետին, անել այն, ինչը չհաջողվեց անել՝ չկարողանալով փոխել նախագահին: Երևանցին այսօր կարող է փոխել Հայաստանը: Որովհետև հաստատելով երևանցու իշխանությունը Երևանում, կհաստատվի, ի վերջո, հայաստանցու իշխանությունը Հայաստանում: Որովհետև՝ - վերջ կդրվի երկրում հաստատված մենիշխանությանը, - կյանքի կկոչվի արմատական համակարգային փոփոխություններին բերող` մեր առաջարկած գործողությունների հստակ ծրագիրը, - ակնհայտ կդառնան իշխանություն-ընդդիմություն հավասարակշռված քաղաքական համակարգի առավելություններն ու անհրաժեշտությունը: Երևանցին անձամբ և անմիջապես կզգա ընդդիմության բերած փոփոխությունների դրական հետևանքները: Սիրելի' երևանցիներ, թույլ մի' տվեք ձեզ մոլորության մեջ գցեն և, արժեզրկելով ձեր ընտրության նշանակությունը, մղեն ձեզ պասիվության: Ովքեր ուզում են փոփոխությունները հիմա տեսնել և չսպասել ևս 5 տարի, մայիսի 5-ը դրա ամենալավ առիթն է: Եկե'ք այս ընտրություններին մեր ակտիվ մասնակցությամբ ևս մեկ անգամ ասենք` ո'չ այս իշխանություններին, և մայիսի 5-ի քվեարկությունը վերածենք իշխանություններին անվստահություն հայտնելու հանրաքվեի: Սա լիովին իրագործելի է: Մի' կորցրեք այս պահը: Տվե'ք Դաշնակցությանը հնարավորություն փոխելու Երևանը, որ Երևանն էլ փոխի Հայաստանը: 30.04.2013թ.

2013-05-01

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Պետք է ընդդիմություն ու իշխանություն լինել հօգուտ պետության
Արտաքին քաղաքականությունը շատ նուրբ արվեստ է, այդտեղ ամեն մի...
Եթե ՀԱՊԿ-ում խնդիրներ առաջանան, առաջին օգտվողը լինելու է Ադրբեջանը....
90-91 թվականներին շատ լավ ընտրություններ ենք ունեցել, բայց դրանից...
Այլ...