ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի Հայտարարությունը (դիտել տեսանյութը)

Վերջերս ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովը կազմակերպել էր լսումներ, այսպես կոչված, ¦սառեցված հակամարտությունների§ վերաբերյալ: Բնականաբար, քննարկում ծավալվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ: Նմանատիպ քննարկումներ մեզ առջևում ևս սպասվում են: Կարևորագույն խնդիր է հստակեցնել, թե մեր պաշտոնական և խորհրդարանական դիվանագիտությունը ինչ մոտեցումների վրա պետք է կառուցվի բոլոր այն քննարկումների ժամանակ, երբ որևէ միջազգային կազմակերպություն փորձում է դերակատարություն ձեռք բերել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Ցավոք, դեռևս այսպիսի հստակեցում կատարված չէ և չի իրականացվում համակարգված գործունեություն այս ուղղությամբ: Այս խնդիրը առավել քան ակտուալ է այսօր, երբ Հայաստանը ստանձնել է Եվրոպայի Խորհրդի Նախարարների Խորհրդի նախագահությունը: Իմ համոզումով, ինչը ներկայացվեց նաև այս լսումների ժամանակ, ԵԽ-ն կառուցողական և իր բնույթին համապատասխանող ներգրավվածություն կարող է ունենալ կարգավորման գործընթացի մեջ, եթե պահպանվեն հետևյալ երեք անհրաժեշտ սկզբունքները: Առաջինը՝ ոչ թե խոսքով, այլ կոնկրետ գործողություններով չհակասելով՝ պետք է ԵԽ-ն լիարժեքորեն ճանաչի ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ որպես հակամարտության կարգավորումն իրականացնելու միջազգային մանդատով օժտված միակ միջնորդական առաքելության լիազորությունները: Սա ոչ միշտ է այդպես, և մենք չպետք է վարանենք բոլոր այդ դեպքերի հետ կապված փաստերը ներկայացնել այս կազմակերպությանը: Երկրորդ՝ անհրաժեշտ է բոլոր այն դեպքերում, երբ ԵԽ-ում որևէ հարց է քննարկվում, որն առնչվում է Ղարաբաղի ժողովրդի անմիջական շահերին, անպայմանորեն ապահովվի Լեռնային Ղարաբաղի կոմպետենտ և օրինական ներկայացուցիչների մասնակցությունը այդ քննարկումներին: Այդպիսի նախադեպերը ԵԽ-ում բազմաթիվ են: Երրորդ՝ ԵԽ-ն պետք է ապահովի իր իսկ հռչակած արժեքների գերակայությունը հատկապես կապված ուժի և ուժի սպառնալիքի կիրառման բացառման և մարդու տարրական իրավունքների և ազատությունների ապահովման հարցերի հետ: Մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչում դեռևս չունենալը չի կարող հանգեցնել հակամարտության գոտում բնակվող մարդկանց իրավունքների և ազատությունների անտեսմանը և այդ տարածքում ԵԽ որդեգրած նորմերի և ստանդարտների չկիրառմանը: Վերջապես, լավագույն օժանդակությունը խաղաղ կարգավորման գոծընթացին կլինի այն, եթե ԵԽ-ն քաջալերի հակամարտության բոլոր երեք կողմերին վերահաստատել 1994թ. զինադադարի Բիշքեքյան համաձայնագիրը և կնքել չհարձակման մասին նոր պայմանագիր: Հուսով եմ՝ Հայաստանը կօտագործի իր նախագահության բացառիկ հնարավորությունը ԵԽ-ն մղելու ԼՂ կարգավորման հարցով որդեգրելու առավել կառուցողական դերակատարություն: 11.06.2013թ.

2013-06-11

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Ինչու հենց այս փուլում աշխատանքից ազատվեց Արագածոտնի մարզպետը.
Ճիշտ կլինի՝ արտաբյուջետային գումարները ծախսվեն Սևանա լճի խնդիրների...
Կատաստրոֆա չէ. Աղվան Վարդանյան
Մինչև երբ պետք է շարունակվի նման հարցադրումներով հանդես գալու...
Այլ...