ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հայտարարությունը

Այս տարվա ապրիլի 2-ին իր աշխատավայրի դիմաց ահաբեկչության զոհ դարձավ Պռոշյան համայնքի ղեկավար Հրաչ Մուրադյանը: Տեղի ունեցածը կանխամտածված ու ծրագրված սպանություն էր: Հրաչ Մուրադյանը հավատավոր դաշնակցական էր, Արցախյան ազատամարտի առաջին օրերից մինչև ավարտը, մարտական փառահեղ ուղի անցած պայծառ անձնավորություն: Հրաչը, իր տեսակով ու նկարագրով լինելով պայքարող, ինքնուրույն և ժողովրդի շահերով առաջնորդվող անհատականոթյուն, վայելում էր համագյուղացիների անկեղծ սերն ու համակրանքը։ Դա հարուցում էր ոմանց ակնհայտ դժգոհությունը և պատհական չէր, որ նրա շուրջ մշտապես փորձ է արվել լարվածություն ստեղծել: Սպառնալիքներն ու ահաբեկումները դրսևորվել են բազմիցս: Մենք համոզված ենք, որ Հրաչ Մուրադյանի կյանքը խլած դավադիր գնդակը ուղղված էր ոչ միայն ազնվագույն հայի և համայնքի սրտացավ ղեկավարի, այլև հայ մարդու այդպիսի տեսակի դեմ: Տեսակ, ումով է, որ պետություն է պաշտպանվում, ումով է, որ պետություն է կերտվում: Ուստի, բնականաբար, Հրաչին ուղղված դավադիր գնդակը Պռոշյանի ամեն մի գյուղացի, ամեն մի ազնիվ հայորդի ընկալում է որպես գնդակ ուղղված իր դեմ: Սա է, որ բազմապատկում է բոլորիս ցավը: Դրա նվազագույն սփոփանքը կարող է լինել գործի լիարժեք բացահայտումը: Բայց բացահայտումը ուշանում է, իսկ ամեն մի ուշացած օր գործի բացահայտման հետ կապված լարվածությունը մեծացնում է: Հոկտեմբերի 29-ին, ժամը 16:00-ին ՀՅ Դաշնակցությունը, «Հրաչ Մուրադյան արդարության պահանջ» շարժումը և Պռոշյան համայնքի ներկայացուցիչները Արամ Խաչատրյանի արձանի մոտից երթ են կազմակերպելու դեպի նախագահական նստավայր` Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությունը բացահայտելու պահանջով: Անցել ենք ոստիկանությամբ, մյուս ատյաններով և սա ևս մի ճիգ է՝ ուղղված այս գործի բացահայտմանը: Մեր բոլորի պատվի հարցն է Հրաչ Մուրադյանի սպանության բացահայտումը, ուստի հրավիրում ենք մեր հայրենակիցներին մասնակցելու այս երթ-պահանջին: 22.10.2013

2013-10-22

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Լիահույս եմ, որ մեր կառավարությունը բյուջեի վերաբերյալ 8 առաջարկներից...
ՀՀ-ԵՄ համաձայնագրի չիրացնելը նշանակում է կյանքի չկոչել Սահմանադրությունը....
ՍԾՏՀ ԽՎ-ում ռեալ դերակատարություն ունեն Թուրքիան, Ադրբեջանը....
Իրականում, սովորել ցանկացողի համար շատ ավելի լայն հնարավորություններ...
Այլ...