2014թ. մարտի 25-ին, ԱԺ նիստում ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հայտարարությունը

Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն անդրադարձավ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթին, որը կայանալու է ապրիլի 4-ին: Պատգամավորի խոսքով՝ օպերային թատրոնը շարքային ՊՈԱԿ չէ, և նրան մշակութային համակարգում բացառիկ դեր է վերապահված: Ըստ պատգամավորի, ավելի ճիշտ կլիներ մրցույթից առաջ մի պահ դադար առնել, վերաիմաստավորել Օպերայի թատրոնի դերն ու նշանակությունը, մասնագիտական-փորձագիտական խոր քննարկումներ անցկացնել, մոդելի ընտրություն կատարել, մշակել զարգացման հայեցակարգ, ռազմավարություն և նոր միայն առաջ գնալ: «Ահա այս առաջարկով ու մտահոգությամբ մեր խմբակցությանը դիմել է աշխարհահռչակ օպերային երգիչ, Հայաստանի ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանը: Պարոն Թումանյանը առաջարկում է նախ հիմնավորված ընտրություն կատարել հնարավոր երեք մոդելների միջև. Առաջին՝ Օպերային թատրոնը իրականացնում է օպերային թատրոնի, մեծ թատրոնի, Հայաստանի Գրանդ օպերայի լիարժեք ֆենոմենը, որի մշակութաբանական առաջնահերթությունն է մշակույթի ոլորտը ՀՀ պետականության անբաժան և անհրաժեշտ բաղադրիչը դարձնելը: Երկրորդ՝ Օպերային թատրոնը տեխնոլոգիական համալիր է, որը գործում է շոու բիզնեսի ձևաչափում, և որի առաջնահերթությունը տնտեսական բնույթի է, իսկ հիմնական նպատակը՝ շահույթ ստանալը: Երրորդ՝ Օպերային թատրոնը Մշակույթի տուն է, Ժողովրդական տուն, որի խնդիրը բնակչության բազմապրոֆիլ սոցիալական սպասարկումն է: Այսինքն՝ ներկայացումները, համերգները, դրանց հետ կապված այլ միջոցառումները տեղի են ունենում ցանկացած տարբերակով, իսկ դրանց էությունն ու բովանդակությունը կարող են խեղաթյուրվել բոլոր ասպեկտներով: Պարոն Թումանյանը իրավացիորեն գտնում է, որ առանց գաղափարախոսության հստակեցման, առանց մոդելի ընտրության՝ կայանալիք մրցույթը մեզ տանելու է ոչ մի տեղ, ավելի ստույգ՝ տաճար չի տանելու: Մենք համաձայն ենք մաեստրոյի դիտարկումներին և համոզված, որ թվարկվածներից միայն առաջին մոդելի փաստարկված-մշակված ռազմավարությամբ է հնարավոր Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնին մեր մշակութային կյանքում համակարգաստեղծ գործառույթ ու բովանդակություն հաղորդել: Ուստի և առաջարկում ենք հետաձգել տնօրենի մրցույթը և քննարկումների միջոցով ձևակերպել առաջին մոդելի հայեցակարգը: Մենք նաև համոզված ենք, որ մշակույթի ոլորտում ազգային-պետական քաղաքականությանը հակացուցված են ժամանակավոր, իրավիճակային լուծումները»,- ասաց Աղվան Վարդանյանը:

2014-03-25

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Ինչու հենց այս փուլում աշխատանքից ազատվեց Արագածոտնի մարզպետը.
Ճիշտ կլինի՝ արտաբյուջետային գումարները ծախսվեն Սևանա լճի խնդիրների...
Կատաստրոֆա չէ. Աղվան Վարդանյան
Մինչև երբ պետք է շարունակվի նման հարցադրումներով հանդես գալու...
Այլ...