Այսօր ԱԺ նիստում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ Սիրիայի Քեսաբ քաղաք են մեկնել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Նաիրա Կարապետյանը, Սամվել Ֆարմանյանը, Լևոն Մարտիրոսյանը, Արման Սահակյանը և անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ովքեր Երևան վերադառնալուց հետո կզեկուցեն Քեսաբում տիրող իրավիճակի մասին: ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը ԱԺ հայտարարությունների ժամին նշեց, որ ուրախ է, որ Սիրիա են մեկնել մի խումբ պատգամավորներ, սակայն ուրախ չէ, որ Սիրիա է մեկնել միակուսակցական ձևաչափով պատվիրակություն: «Փառք Աստծո, Հայաստանի խորհրդարանը միակուսակցական չէ, և շատ ավելի կոռեկտ ու ճիշտ կլիներ, եթե պատվիրակության կազմում լինեին ներկայացուցիչներ նաև այլ քաղաքական խմբակցություններից: Քաղաքական մեծամասնությունն անընդհատ խոսում է երկխոսության կարևորության մասին, սակայն անտեսել մյուս կուսակցություններին, կարծում եմ, ճիշտ չէ: Ճիշտ հասկացեք, մենք խնդիր չունենք, քանի որ Դաշնակցությունը նաև Սիրիայում է փորձում պաշտպանել հայության այդ հատվածի գոյապահպանման խնդիրները, սակայն նման գործելաոճը մեզ համար ընդունելի չէ»,- ասաց Աղվան Վարդանյանը:
2014-03-25 |